12-ամյա Վլադիմիր Արզումանյանը դարձել է միջազգային մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հաղթողը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին, Մինսկում: Նա կատարել է «Մայրիկ» երգը: «Մինսկ-Արենայի» բեմում իրենց երգերն են ներկայացրել 10-ից 15 տարեկան երեխաներ՝ 14 երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մալթայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուկրաինայից, Շվեդիայից: Մրցույթի արդյունքները որոշվել են հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկությամբ: Մանկական մրցույթի կարգախոսն էր «Feel the magic» («Զգա կախարդանքը»): Նշենք, որ 2007թ. Հայաստանը մրցույթում ներկայացրել է «Արեւիկ» խումբը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: 2008-ին Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի Լուարա Հայրապետյանը՝ «Բարսելոնա» երգով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Վլադիմիր Արզումանյանը Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի աշակերտ է, նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում:
|